Հայաստանը կարեւորում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին ուղղված ողջույն խոսքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
hovik-abrahamyan

«ԵՏՄ միջազգային և բազմաձևաչափ համագործակցության ընդլայնումը, առանձին վերցրած երկրների հետ ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձնակի կարևորություն է ներկայացնում միության համար»,- ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին` այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հավելեց, որ միջազգային համագործակցությունը կարող է ԵՏՄ-ին հասցնել զարգացման ավելի բարձր մակարդակի:

«Ուստի այսօրվա օրակարգի առանցքային կետերից կցանկանայի առանձնացնել Չինաստանի թեման: ԵԱՏՄ-ի և անդամ-պետությունների՝ Չինաստանի հետ համագործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել մեր լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվում է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով»,- նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը, ունենալով պատմական փորձ և լինելով ԵՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, պատրաստ է իրականացնել այդ նախագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կազմակերպության զարգացման ներկա փուլում հնարավոր է արձանագրել ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկան:

«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների ռազմավարական տնտեսական նպատակներին հասնելու համար, համենայնդեպս, կարևորություն են ներկայացնում երեք գործոնների համատեղ շեշտադրումը. «առևտրի ստեղծում», «մասշտաբի վրա տնտեսում» և «տեխնոլոգիական գործոն»:

ԵԱՏՄ շրջանակներում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության համապատասխան ալգորիթմեր և ավելին: Այս հունով համաձայնեցված շարժն, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով` առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը երկրներին թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այդ համատեքստում նա կարևորեց նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:

«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵՏՄ-ում մեր փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Երեւանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հավաքը: Երկների վարչապետներն այս տարի հանդիպում են արդեն երկրորդ անգամ, առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ապրիլի 13-ին:

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստերն անհրաժեշտության դեպքում անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

*

*