«Ի՞նչ է Հայաստանը ստանալու և ի՞նչ վիճակում է հայտնվելու, երբ լքի ԵՏՄ-ն»

Հայաստանի կառավարությունն առաջնահերթ պետք է խթանի ներքին ներդրումները․․․
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ պետք է խթանի ներքին ներդրումները` այդպիսով նպաստելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների ավելացմանը: Ազգային ժողովում ՀՀ-ն ԵՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեցտարի նվազել են: Տնտեսագետը նաև կոչ արեց առկա բոլոր խնդիրները չվերագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը` ընդգծելով, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: «Կարծում եմ, որ մենք չափից շատ ենք տուրք տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումներին: Ես հիմա հարց եմ ուզում տալ բոլորին՝ ինչո՞ւ ենք մենք մոռանում, որ պետք է անենք ներքին ներդրումներ: Ինչի՞ համար ենք մենք մոռանում ներքին ներդրումների մասին: Ինչո՞ւ օտարերկրացին պետք է գա Հայաստան, ներդրումներ անի, իսկ մենք էլ մեր տնտեսությանը չվստահենք և ոչ մի ներդրում չանենք»,- նշեց նա:

Մանասերյանը հերքեց որոշ պնդումներ այն մասին, թե ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը Հայաստանին պարտադրում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: «Ես ուշադիր ընթերցել եմ տնտեսական մասը և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ նման դրույթ չկա: Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրներ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, Եվրոպական Միության անդամ բոլոր երկրներն են այդ կազմակերպության անդամ: Այս պարագայում չեն կարող լինել օբյեկտիվ տարակարծություն կամ իրար հակասող դրույթներ, երբ բոլորը նույն միջազգային կառույցի անդամ են, ընդ որում` կառույցի, որն իր խաղի կանոնները պարտադրելու առումով բացառիկ է` եթե չեն ընդունում այդ կանոնները, պետք է դուրս գան: Եվ լավ է, որ Մոսկվան և Բրյուսելը եկան այդ համաձայնությանը»,- մանրամասնեց Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է նախ հասկանալ, թե ինչ է ստանալու և ինչ վիճակում է Հայաստանը հայտնվելու, երբ լքի Եվրասիական տնտեսական միությունը: «Հայաստանը ունի իր առանձնահատկությունները և պետք չէ ասել, թե ինչ կատարվում է Ռուսաստանում, նույնը նաև Հայաստանում է կատարվում: Մեզ 2014 թ. տնտեսական անկում էին գուժում, որը տեղի չունեցավ, նույնը՝ նաև 2015 թ., բայց դա էլ տեղի չունեցավ, որովհետև Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները: Եվ հայտնի չէ, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե նա չլիներ Եվրասիական տնտեսական միության անդամ: Սա և՛ գազի գնին է վերաբերվում, և՛ մնացած այլ հարցերին»:

*

*