Քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

Քննարկում եղել է նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ:
hashvich-elektraenergia-elcanc

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ: Ազգային ժողովում մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նման քննարկում է եղել կառավարությունում: Նման քննարկում կառավարությունում տեղի չի ունեցել, քննարկում եղել է նախարարությունում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հասկանալու, թե անհրաժեշտ վերլուծություններն անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի սակագնի փոփոխություն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, դրանք դեռ չեն ավարտվել, ևս մեկ-երկու օր կտևեն:

Անդրադառնալով սակագնի հնարավոր վերանայման ժամկետներին՝ նախարար Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված կարգավորումներով էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է վեց ամիսը մեկ: «Եթե սակագինը վերանայվի, դա կլինի օգոստոսից հետո, քանի որ այս տարի փետրվարին արդեն մեկ անգամ վերանայվել է»,- ավելացրեց Արթուր Գրիգորյանը:

Էներգետիկայի նախարարը նկատեց նաև, որ հնարավոր է համարում, որ սակագինը մնա նույնը: «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի»,- եզրափակեց նախարարը:

 

*

*