«Դվին»-ի վերակառուցմամբ կզբաղվի օֆշորային գոտում գրանցված «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ»-ը

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ եւ նրա վերանվանում «Դավիթ Բեկ» հյուրանոցի:
Dvin-hyuranoc
Լուսանկարը՝ travelnews.am-ի

Երեւանում երկրորդ կյանք կստանա նաեւ «Դվին» հյուրանոցային համալիրը: Ներդրումային ծրագրի շրջանակում գնորդ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ»-ը պարտավորվում է այս տարվա ընթացքում ներդրումները հասցնել 20 մլն դոլարի, եւ 70 մլն դոլար էլ ներդնել հյուրանոցային համալիրում:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի դրանից, հյուրանոցային համալիրը ներառելու է նաեւ այլ կառույցներ, մասնավորապես՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր», որն իրենից կներկայացնի բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 լյուքս դասի բնակարաններ: Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր վերին հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Կառուցվելու են ավտոհանգրվաններ՝ ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, եւ վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ եւ նրա վերանվանում «Դավիթ Բեկ» հյուրանոցի:

«Ես համաձայնվեցի, որ այս հարցը քննարկենք, քանի որ ներդրում է՝ ցանկություն չունեմ խոչընդոտելու»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նախագիծն այսպիսով հավանության արժանացավ։ Հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտելու են մինչեւ 2019 թվականը:

Ուշագրավ է, որ մամուլում այս օրերին արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ հիշյալ կազմակերպությունը գրանցված է օֆշորային գոտում։ Հյուրանոցի վերակառուցման ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի  շուրջ 120,595,000 դոլար: Ներդրումներն արվելու են սեփական կապիտալի միջոցով, ինչն, ըստ փորձագիտական եզրակացության, 35,5 մլն դոլար է, իսկ մնացածը՝ այլ սեփական և վարկային միջոցներով:

*

*