«Դիլիջան ֆրոլովայի» հանդեպ վարչական վարույթ է հարուցվել

...«Դիլիջան» հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա
hanqayin-jur

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ»  ( «Դիլիջան ֆրոլովա» ապրանքանիշ ) ընկերության հանդեպ:

Վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան» հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի բովանդակության, «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան»  հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:

Ըստ բողոքող կողմի, խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք  դեռևս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են «Դիլիջան» ապրանքային նշանը: Ըստ բողոքի,  մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

«Դիլիջան»  հանքային ջրի գործարանը ՀՀ Մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին և արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:

 

*

*