Արցախի Բերդաշեն գյուղում փորձարկում են ջրախնայող համակարգը

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում իրականություն է դառնում ջրախնայող համակարգերի ներդրման ծրագիրը:

ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում իրականություն է դառնում ջրախնայող համակարգերի ներդրման ծրագիրը: Մի քանի հեկտար հողատարածքում համակարգն արդեն փորձարկում են:

Այստեղ արդեն մի քանի տարի է` ծխախոտ են մշակում, բայց ջրախնայող համակարգեր օգտագործում են առաջին անգամ: Առաջարկը Գյուղատնտեսության նախարարությանն էր: Առաջին արձագանքողներից մեկն իր նորարարություններով հայտնի ֆերմեր Ռաֆիկ Գեւորգյանն էր: Օրերս նախարարության պատասխանատուները գնահատել են աշխատանքների ընթացքը:

Համակարգը ներդրվում է մասնավորի եւ պետության համագործակցությամբ: Հայտը ստանալուց հետո գյուղնախարության մասնագետները գնահատում են դրա արդյունավետությունը: Հողատարածքի հարեւանությամբ պետք է լինի ջրի երաշխավորված աղբյուր եւ էլեկտրականություն` համակարգը աշխատեցնելու համար: Դրական պատասխանի դեպքում` հայտատուն հաջորդ փուլին է անցնում` նախահաշվուվ հիմնավորելով` թե իր դաշտում ջրախնայող համակարգի տեղադրման համար որքան գումար է պահանջվում:

Երկարաժամկետ անտոկոս փոխառությունը շահառուն պետք է վերադարձնի: Պարտքի մարման ժամանակացույցը կազմում է այդ նպատակով գյուղնախարարությունում ձեւավորված հանձնաժողովը` հաշվի առելով տվյալ մշակաբույսի վեգետացիան: Շահառուն վճարումները սկսելու է տվյալ տարածքից բերք ստանալուց հետո: Ծախսերը շատ են, նաեւ ռիսկեր կան, սակայն Ռաֆիկ Գեւորգյանը դրանք արդարացված է համարում:

Ըստ Գեւորգ Վերանյանի՝ առավելություն է նաեւ այն, որ նոր համակարգի կիրառման դեպքում բույսերի պարարտացումն էլ հասցեական կլինի եւ անկորուստ:

Ջրախնայող համակարգերի ներդրման համար պետական բյուջեով այս տարի 160 միլիոն դրամ է նախատեսվում: Ծրագրից կարող են օգտվել նաեւ այգետերերը: Եվս 250 միլիոն դրամ նախատեսված է հին խորքային հորերի նորոգման, վերագործարկման համար:

Գյուղատնտեսության նախարարությունում փորձելու են այս երկու ծրագրերը համակցված իրականացնել. խորքային հորը նորոգել, ապա հարեւանությամբ գտնվող դաշտերում ջրախնայող համակարգերը ներդնել:

*

*