Բակո Սահակյանը հորդորում է` չբավարարվել եղածով. հացահատիկի ընդհանուր բերքը հաջորդ տարի կարելի է կրկնապատկել

Երկրի ղեկավարի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են գյուղոլորտում առկա խնդիրներին, համայնքների զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին նվիրված Բակո Սահակյանի աշխատանքային խորհրդակցությունները սկսել և ավարտվել են Քաշաթաղում: Արդեն երրորդ տարին է հանրապետության շրջանների թվում հենց Քաշաթաղն է հացահատիկի համախառն բերքի ամենամեծ ծավալներն ապահովում:

Շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի խոսքով, այս տարի քաշաթաղցիները 42 հազար տոննա հացահատիկ են հավաքել: Միջին բերքատվությունը կազմում է 25 ցենտներ հեկտարից: Ցուցանիշները գոհացնում են երկրի ղեկավարին:

ԲակոՍահակյանը նշում է, որ հավաքած հացահատիկի իրացման խնդիր Քաշաթաղում չունեն: Այն հիմնականում գնում են հայաստանյան ընկերությունները: Որ պարենային անվտանգության հարցում շրջանի դերը մեծ է, հաստատում է նաև երկրի ղեկավարը: Բակո Սահակյանը, սակայն, հորդորում է չբավարարվել եղածով: Հետևողական աշխատանքի դեպքում այս տարվա 150 հազար տոննա հացահատիկի ընդհանուր բերքը հաջորդ տարի կարելի է կրկնապատկել:

Երկրի ղեկավարի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են գյուղոլորտում առկա խնդիրներին, համայնքների զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Շրջանի հարավային թևում էլ խնդիրները հիմնականում ջրամատակարարման համակարգի հետ են կապված: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Որոտանի համայնքի ղեկավարը մանկապարտեզի անհրաժեշտության մասին է խոսել: Նախադպրոցական տարիքի 118 երեխա ունեն: Բակո Սահակյանն ուրախությամբ արձագանքում է՝ աշխատանքները չեն ուշանա:

Հացահատիկի դաշտերի կողքին Քաշաթաղում ընդարձակվում են այգիները, զարգանում է անասնապահությունը: Երիցվանքի այգեգործների հաջողությունները ներկայացրել է Արտավազդ Ալեքսանյանը: Բնակիչներին հիմա նաև այս ճյուղն է եկամուտ բերում:

Վերաբնակիչներն էլ Իշխանաձորում են այգի ունենալու: Գյուղի ազատամարտիկների փողոցը պատրաստ է: Այն կառուցվել է կառավարության, Արցախի ազգային վիճակախաղի և Ղարաբաղ Տելեկոմ ընկերության համաֆինանսավորմամբ: Բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սահակյանը:

Նորակառույց 18 բնակարաններում ապրելու են Արցախի, Հայաստանի տարբեր բնակավայրերից այստեղ հաստատված ու նաեւ` Սիրիայից և Լիբանանից ժամանած վերաբնակիչ ընտանիքներ: Նրանցից երկուսը բնակարանամուտի օրն էին նախատեսել իրենց հարսանյաց հանդեսը: Նորապսականերին առաջինը շնորհավորել է Բակո Սահակյանը:

*

*