Կառավարությունը քննարկում է ազգային ավիափոխադրող ստեղծելու առաջարկությունները

Կարապետյանը հիշեցրեց, որ դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել:
aviapokhadrum

Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու մի քանի առաջարկություն: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ մեր երկիրը որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն:

«Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային, չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք: Հատկապես, որ  գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել:

«Այդ ընկերություններից հինգն արդեն արձագանքել են, սպասում ենք նրանց այցին՝ բանակցություններ սկսելու նպատակով»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը, միաժամանակ,  ասաց, որ արդեն իսկ երկու ավիաընկերություն՝ ռուսական և բելգիական, ստորագրել են հայկական շուկա մուտք գործելու պայմանագիր:

Խոսելով ՏՏ ոլորտի զարգացման  մասին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ հունվարի 16-ին իր մոտ տեղի է ունենալու ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվելու է ոլորտի զարգացման մակրոծրագիր, ներկայացվելու են կառավարության կատարելիք քայլերը:

*

*