Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը զգալիորեն աճել է․ Նորագավիթի ավտոմաքսատանը կաշխատեն 7-օրյա գրաֆիկով

Հուլիսի վերջին ներմուծման թիվը կհասնի 70 հազարի:
meqena

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը զգալիորեն աճել է, հուլիսի վերջին ներմուծման թիվը կհասնի 70 հազարի: Օգոստոսի 1-ից Նորագավիթի ավտոմաքսատան բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, աշխատակիցների թիվը ավելացնելու են 6-ով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«2018թ-ին ներմուծվել է մոտ 67 000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի, և կունենանք մոտ 70 000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով»,- նշել է Ներսիսյանը:

Նա նաև հայտնել է, որ, կանխատեսելով ներմուծման աճը, 2019թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանել են  6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրել են 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ՝ սկսել են նաև բավականին ակտիվորեն ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքենաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ՝ օրեկան մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը Նորագավիթում:

«Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից: Մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին։ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է, և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում»,- տեղեկացրել է Ներսիսյանը:

Այս ամենին համալիր լուծում տալու նպատակով ՊԵԿ նախագահի տեղակալը շատ կարևորել է  վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: «Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»,- նշել է Ներսիսյանը:

*

*