«Ավտոգազի թանկացման խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում, այլ չափիչ սարքում». Դավիթ Խաժակյան

Անդրադարձել է ավտոգազի թանկացման պատճառներին
gazalcakayan

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ավտոգազի թանկացման պատճառներին:

«Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին… ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը իհարկե տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր: Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս: Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը: Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են: Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում,  այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում, տեղադրում կամ տրամադրում է «Գազպրոմը»: Ստուգե′ք մուտքային հաշվիչները… շատ բան կպարզվի»,- գրել է նա:

*

*