Երբեք չենք ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու․ Հայկ Հարությունյան

Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է:
hayk-harutyunyan

Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին ատոմակայանի վերազինման և վերակառուցման ծրագրի շրջանակում բավական խոշոր աշխատանք է կատարվել, այդ համատեքստում 2018 թ-ի առաջին 5 ամիսը լինելու է վերակառուցման ակտիվ փուլ:

«Այս վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում՝ իր էֆեկտիվության հաշվին»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձավ Ատոմակայանը փակելու մասին դիտարկումներին` նշելով, որ երբեք չեն ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Նա տեղեկացրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում և եզրակացություններ ներկայացնում:

«Մենք նախատեսում ենք հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը երկարաձգել: Նույն ԵՄ-ում  նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե 10, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև  այս ուղղությամբ մեր հետագա քայլերը»,-ասաց նա:

*

*