Էներգետիկայի նախարարը՝ իրանական գազի գնի եւ հայկական էլէներգիայի սակագնի մասին

«Մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը ցածր լինի ռուսական գազի գնից»

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է անկախ մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովը, սակայն հավելեց, որ ինքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում:

«Եթե կառավարությունը փորձի միջամտել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը, մենք կխաթարենք երկրում տնտեսական քաղաքականության հիմքերը: Դա է պատճառը, որ մենք ստեղծել ենք անկախ մարմին: Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ: Ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»,- նշեց Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաեւ գազի խնդիրն: Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նրա խոսքով` այստեղ պետք է նաև տարբեր գործոններ հաշվի առնել: «Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում, և մենք պետք է Արարատում գազի այնպիսի ճնշում ապահովենք, որ կարողանանք գազը փոխանցել Վանաձոր և Գյումրի: Իրանական կողմում այսօր կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը: Այսինքն, մենք եթե այդ գազը վերցնենք էլ, չենք կարող այն Վանաձոր և Գյումրի հասցնել: Նաև ջերմատվության խնդիր կա: Միջին ջերմատվությունը, եթե համեմատում ենք, դրանք տարբեր են. ակնհայտորեն ռուսական գազի ջերմատվությունը շատ ավել բարձր է իրանական գազից: Հաշվի առնելով նաև այս գործոնները` մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը  ցածր լինի ռուսական գազի գնից»,- եզրափակեց նախարարը:

*

*