Աշոտ Մանուկյան. Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը նպատակահարմար չէ

Գործադիրն ընդունել է Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին նախագիծը
atomakayan-aek-enrgablok

Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նա նշել է, որ առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, քանի որ անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ:

«Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է: Երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, և երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում: Առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,-նշել է նախարարը:

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը:

*

*