Դաշնակցական նախարարները ծանոթ են ոլորտի խնդիրներին — Երկիր Մեդիա

Դաշնակցական նախարարները ծանոթ են ոլորտի խնդիրներին

«Սպառնալիք պարունակող ցուցանիշներ չկան...»
arthur-xachatryan-kar-nist-17052018b

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում դաշնակցական նախարարները նշեցին, որ արդեն հասցրել են ծանոթանալ ոլորտի խնդիրներին:  Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոլորտում ահագին փոփոխություններ են կատարվել, սակայն առաջիկայում ավելի համալիր ծրագրով հանդես կգա, կամփոփեն տնտեսական ցուցանիշները: Ամեն դեպքում, ըստ Մինասյանի, սպառնալիք պարունակող ցուցանիշներ չկան, մանավանդ, որ մեծ թվով ներդրումներ անելու ցանկություն ունեցող մարդիկ կան:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ արդեն տեղյակ է ոլորտի խնդիրներին, դրանք կապված են մթերումների, կարկտահարության վնասների կանխարգելման, կաթի մթերման գների հետ: Նա առավել կարևորեց վնասների կանխարգելումը վնասների փոխհատուցումից:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներմանը, նախարարը նշեց. «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ մարդիկ այդ պարտքերից ազատվեն ու նոր վարկեր վերցնեն, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը»:

Նախարարը կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտի գիտակները պետք է լուրջ ուսումնասիրեն ոլորտը, որպեսզի ազատվեն խորհրդային գյուղատնտեսության հետքերից, երբ ըստ պլանի էր որևէ գյուղմթերք արտադրվում: Դրա փոխարեն պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն` հասկանալու, թե որ մարզում ինչ գյուղմթերք պետք է արտադրվի:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա, ըստ գյուղնախարարի, դրանք չեն կարող ինքնանպատակ լինել, և իրենց առջև դրված խնդիրները լուծող կադրերը կմնան, նրանց փոխելու կարիք չի լինի:

*

*