Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

Կալիֆորնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաև Արցախ այցելել
artur-khachatryan-glendel

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆորնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը,  մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ  ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից։

Նախարար Խաչատրյանը, ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է գյուղատնտեսության ոլորտում սերտ շփման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում նախարարը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը, այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն գյուղոլորտի առանձին հիմնահարցերի շուրջ։

Կալիֆորնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաև Արցախի Հանրապետություն այց կատարել, որտեղ նույնպես գյուղատնտեսության զարգացման հարցերն իրենց հետաքրքրությունների տիրույթում են։

*

*