Շիրակի մարզպետն ամփոփել է եւ ներկայացրել արածն ու անելիքը

Աշխատանքի ու ձեռքբերումների տարի է եղել...
Artur Khachatryan

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 20-ին հանրային հաշվետվությամբ ներկայացրել է 2017 թ.-ին կատարված աշխատանքները և 2018 թ.-ի անելիքները:

2017 թվականը, ըստ Արթուր Խաչատրյանի, աշխատանքի ու ձեռքբերումների տարի է եղել: Մարզպետը նշել է, որ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրվել է աննախադեպ բարձր կատարողական` մոտ 96 տոկոս:

«Մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ, մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքը Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը: Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ»,-ասել է Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ կապիտալ շինարարության ծավալները 2016-ի համեմատ 2017 -ին աճել են մոտ 70 տոկոսով : Մշակվել է մարզի զարգացման 2018-2025 թթ. ռազմավարությունը, որտեղ հստակեցվել են մարզի զարգացման ուղղությունները:

Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև մարզպետարանի կողմից մշակված զբոսաշրջության զարգացման հայեցակարգին` ընդգծելով բնագավառի կարևորությունն ու առաջնահերթությունը: «Հայեցակարգը մենք մեր ուժերով ենք մշակել, իհարկե, հաշվի ենք առել մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները»:

 

*

*