ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել որպես ԵԱՏՄ անդամ երկիր և դեպի Եվրամիության շուկաներ մուտքի համար մեր երկրին ընձեռված հնարավորություններին, նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելություններին։
Դեսպան Ալ Կասեմին նշել է, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերը զարգանում են, ինչի վկայությունը առևտրաշրջանառության կրկնակի աճն է։
Արաբ գործարարները ներկայացրել են այն ոլորտները, որոնցով հետաքրքրված են, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսությունում, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին։