«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ էլ սկսում են քննադատություններ՝ թե դա մեր ապրուստի միջոցն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով պաշտոնավարման մեկ տարվա հաշվետվությունը:
Անդրադառնալով գյուղացիների կողմից Հաղարծնի ճանապարհը փակելու դեպքին՝ նախարարը նշեց, որ մարդիկ կան, ովքեր, օգտագործելով քաղաքացիներին, գյուղացիներին, հանում են նրանց փողոցներ և փորձում իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։
Մինասյանը տեղեկացրեց նաև, որ «Դիլիջան» ազգային պարկում 2014-ի օգոստոսից մինչև 2017-ի կեսերը 6000-ից ավելի ծառահատման դեպքեր են արձանագրվել: Չի բացառվում, որ ավելի մեծ քանակություն է եղել: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները քննվում են:
«Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով նախատեսվում է Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում պահպանությունն իրականացնել մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով: