Արձանագրվել է 8,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ

Արծվիկ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Սեպտեմբերի 3-ին ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 8,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Սա ամենաբարձրն է վերջին 8 տարիների ընթացքում;

Նախարարը նշել է, որ աճել են արտահանման, առևտրաշրջանառության և ծառայությունների ծավալները: Արտահանման մասով Հայաստանի հիմնական գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Գերմանիան:

Աճ է արձանագրվալ նաև զբոսաշրջության ոլորտում. այս տարվա առաջին կիսամյակում 10,2 տոկոսով ավելի շատ օտարերկրացիներ են եկել Հայաստան:

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է:

«Սա նշանակում է, որ արտահանմանը միտված քաղաքականության տեսանկյունից արդյունաբերությունում ունենք ցուցանիշ, որը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը մեր կողմից իրականացվող ծրագրերի մասով: Հատկանշական է, որ այս տոկոսը շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով մենք անկում չունենայինք, իսկ դրա անկումը նախորդ ժամանակաշրջանի համեմատ կազմում է շուրջ 11.8 տոկոս: Եթե սա վերածենք թվային տվյալների, ապա կկազմի մոտ 20 միլիարդ դրամ: Ընդ որում, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման դիրքում, ինչպես նաև մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 95-98 տոկոսն արտահանվում է: Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ցանկացած նվազեցում ազդում է միանգամից արտահանման ծավալների վրա»,- ասաց Մինասյանը:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*