Արթիկում տեքստիլ գործարան կկառուցվի․ Շիրակի մարզպետը ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը

Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. մասնավորապես՝ այժմ արդեն քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները: Ակտիվ քննարկման փուլում են նաև Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական իրավիճակը: Շիրակի մարզպետը կառավարության ղեկավարին զեկուցել է, որ շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Մարզպետ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաև մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաև Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաև ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա: Առաջընթաց կա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. 2017թ. նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար:

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*