Վայոց ձորում բացվել է Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը

Արծվիկ Մինասյանը Վայոց ձորում մասնակցել է բնապահպանական նշանակության մի շարք միջոցառումների։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այցը Վայոց ձորի մարզ մեկնարկեց Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացմամբ:

Սպասարկման կենտրոնը հիմնվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ու «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի»՝ CARD հիմնադրամի կողմից, Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ եւ ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ:

Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենան օգտվել 4 տասնյակից ավելի համայնքներ: Այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ոլորտային տարբեր ծառայություններ, կամուրջ է հանդիսանալու ֆերմերների եւ միջազգային կառույցների միջեւ, հագեցած է լինելու անասնաբուժական եւ արհեստական սերմնավորման ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնն իրականացնելու է նաեւ կրթական գործառույթ. հայ եւ արտերկրի մասնագետները կազմակերպելու են սեմինարներ եւ դասընթացներ:

Նախարարի հերթական կանգառը Խաչիկ գյուղում էր: Այստեղ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի եւ Խաչիկ համայնքի միջեւ ստորագրվեց «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Համագործակցության արդյունքում համայնքին է հանձնվել գյուղտեխնիկա եւ շուրջ 4000 պտղատու տնկիներ, որոնք համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր կհանդիսանան:

«Մենք առաջիկայում քննարկելու ենք ոռոգման ջրի խնդրի կարգավորման հարցը, այդ թվում նաեւ ջրամբարի կառուցման հնարավորությունները կամ այլընտրանքային տարբերակներ: Հույս ունենք, որ մենք` Գյուղատնտեսության նախարարության հետ միասին, նաեւ Տարածքային կառավարման նախարարության մասնակցությամբ կկարողանանք լուծել այդ հարցը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն այցելեց նաեւ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ: Այստեղ նախարարին ներկայացվեց պահպանվող տարածքում նախանշվող ծրագրերը, զբոսաշրջության խթանմանն ուղղված եւ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների եւ բուսատեսակների պահպանության աշխատանքները, դիտակետից հետեւել բեզոարյան այծերի տեղաշարժին:

 

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*