Արծվիկ Մինասյանը մենաշնորհի դեմ պայքարի իր տարբերակներն է նշել

Այն վերացնելու համար, հստակեցրել է նախարարը, առաջին հերթին պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը:
arcvik-minasyan

Ավելի քան 250 ուսանող համալրեցին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի շարքերը: Շնորհավորելով գիտելիքի օրվա առիթով՝ էկոնոմիկայի նախարարը ուսանողներին հորդորել է հաղթահարել իրենց առջեւ դրված խնդիրներն ու առաջ գնալ:

Երկրի տնտեսության առջեւ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել եւ այդ խնդիրների լուծման բանալին Մինասյանը տեսնում է պատշաճ մասնագիտական կազմ ունենալու մեջ: Հայաստանի տնտեսության «թշնամին» մենաշնորհն է: Այն վերացնելու համար, հստակեցրել է նախարարը, առաջին հերթին պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը: Նախ եւ առաջ պետք է մեղմացվի ներմուծումների սահմանափակումները: Հետո, շարունակել է Մինասյանը, պետք է քանդել մեծածախ եւ մանրածախ շղթան: Երրորդ կարեւոր գործողությունը, որը պետք է ձեռնարկի կառավարությունը, շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետեւողականորեն հսկելն է:

«Որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին եւ պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարարությունը ձեւավորել է թիմ եւ աշխատում է օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: Մենք աշխատում ենք նաեւ միջպետական մարմինների հետ, ինչպիսիք են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, միջազգային կառույցները, որպեսզի ունենանք ժամանակակից օրենսդրություն: Գուցե, այս տարվա ընթացքում մենք չկարողանանք օրենսդրությունն ամբողջապես վերանայել եւ փոփոխություններ կատարել, բայց վստահ եմ, որ մինչեւ հաջորդ տարվա կեսերը մենք դա կիրականացնենք»,- նշել է նախարարը:

*

*