Արցախում պետբյուջեով գնվել եւ անվճար բաժանվում է թթենու 20 հազար տնկի

Նախնական հաշվարկներով` այս նախաձեռնության արդյունքում հանրապետությունում թթայգիները կընդլայնվեն շուրջ 200 հեկտարով:

Արցախում մեկնարկել է պետական պատվերի շրջանակում ներկրված թթենու տնկիների բաշխման գործընթացը: Ամենախոշոր խմբաքանակներն արդեն հասցեատերերին են առաքվել: Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում բոլոր 20 հազար տնկիներն էլ հայտատուներին կհասնեն:

Տաք ու միաժամանակ` խոնավ եղանակը ծառատունկի համար իդեալական պայմաններ է ապահովում: Նախնական հաշվարկներով` այս նախաձեռնության արդյունքում հանրապետությունում թթայգիները կընդլայնվեն շուրջ 200 հեկտարով:

Ներմուծված 20 հազար տնկիներից 10 հազարը Մարտունու շրջան է ուղեւորվել: Ամենաշատ հայտերը այդ շրջանից են եղել:

Ծրագրի շրջանակներում ներմուծված թթենիները մեկ սորտի են` սպիտակ-քաղցր: Ներմուծողները վստահեցնում են` Արցածի կլիմայական պայմաններին կհարմարվեն առանց դժվարության:

Տնկիները բաշխվում են անվճար, համաձայն շրջաններից ստացված հայտերի: Միակ պայմանը` տնկիները սահմանված կարգով մշակելն է: Թերացողները ստիպված կլինեն վճարել` բառիս ուղղակի իմաստով:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*