Ամերիկյան ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել Աշոտ Մանուկյանը և Ռիչարդ Միլսը։
shnogh

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Այդ մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ 

Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։

Այս մասին հայտնում են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:

*

*