ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը

Կողմ քվեարկեց 35, դեմ՝ 38 պատգամավոր...

Ազգային ժողովը մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն ընդունվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Քանի որ ըստ կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը նվազեցնում է պետբյուջեի եկամուտները, ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կառավարության պահանջով և ըստ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի, քվեարկության դրվող նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:

Այնուհետև ԱԺ նախագահը քննարկված օրենքի նախագիծը դրեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 38 պատգամավոր: ԱԺ նախագահը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով «Ելք» խմբակցությունն առաջարկում էր վերադառնալ բենզինի, սեղմած գազի ակցիզային հարկի նախորդ դրույքաչափերին, դիզվառելիքի վաճառքը հանել ավելացված արժեքի հարկով հարկման դաշտից, ինչպես նաև որոշակիորեն նվազեցնել եկամտահարկի սանդղակը:

*

*