Երուսաղեմի հայոց պատրիարքի «աշխատանքային զբոսանքը»՝ Պոլսում

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պոլսում հյուրընկալվել է Պատրիարքի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին:
ayc (1)

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը երեկ Պոլսում հյուրընկալվել է Պատրիարքի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին:

Երուսաղեմի պատրիարքը տեղեկացրել է, որ իր մեկշաբաթյա այցը պայմանավորված է Ստամբուլում Երուսաղեմի Պատրիարքությանը պատկանող կալվածքների իրավական հարցերով: Պատրիարքի արդեն ոչ առաջին այցն այս անգամ արժանացել է քննադատության պոլսահայ շրջանակներում։ Մասնավորապես, Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը խմբագրականով քննադատել է այցի ձեւաչափն ու պատրիարքի կեցությունը թանկարժեք հյուրանոցում։

Գրությունում նշվում է, որ այցելության նպատակը ժամանակին Սուրբ Հակոբ վանքին պատկանած կալվածքների սեփականության իրավունքը ձեռք բերելն է:

Նուրհան պատրիարքը տեւական ժամանակ է՝ զբաղվում է այդ հարցով, սակայն, ըստ թերթի, ինչքան էլ այդ նպատակն առեւրեւույթ դրական լինի, այդուհանդերձ Սուրբ Հակոբի միաբանության անդամները միանշանակ չեն ընդունում պատրիարքի այդ քայլը. մտավախություն կա, որ սեփականաշնորհելուց հետո այդ կալվածքները կվաճառվեն:

«Այս վարկածը զարմանալի չէ բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Երուսաղեմի իրականությանը»,- գրում է թերթը ու նաեւ զարմանք հայտնում, թե ինչու՞ Պատրիարքը չի իջեւանել Պատրիարքարանում եւ շրջում է անձնական մեքենայով՝ չարաշահելով իր դիրքը:

*

*