Էրդողանի թիկնապահները հարձակվել են Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա (տեսանյութ)

Միջադեպ՝ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ:

ինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Պարբերականի հետ զրույցում ականատեսներից մեկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք են սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պահել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը:

Կատարվածին անդրադարձել են նաև մի շարք այլ լրատվամիջոցներ: CNN-ը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց իրականացված հարձակման հետևանքով տուժել է 9 մարդ:

New York Post-ը գրում է, որ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Տեղադրված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են նրանք հայհոյանքներ հնչեցնում խաղաղ ցուցարարների հասցեին: Լրատվամիջոցը հայտնում է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են:

Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դաստին Ստերնբեքը տեղեկացրել է, որ կատարվածի առնչությամբ 2 մարդ ձերբակալվել է: Նրանցից մեկը մեղադրվում է բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

«Նման հարձակումներ չէինք սպասում տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, հակառակ նրա, որ դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հարձակման մի մասը տեսագրել է և տեղադրել Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

*

*