Մաշալյան. «Ինչպես երևում է` առաջիկա 15 օրերը երկգլուխ են շարունակվելու»

Աթեշյանը, Մաշալյանը և Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ:
mashalyan

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ:

Հենց Մերջանն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքարան` ասելով, որ այդ ընտրությունները չեն կարող իրականացվել: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Հանդիպման ժամանակ Մերջանը հոգևորականներին հիշեցրել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը` ասելով, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո:

Բացի այդ, Ստամբուլի փոխնահանգապետը հայտնել է, որ իրենք որևէ գրություն չեն ստացել այն մասին, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան» և որոշում է ընդունվել պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու մասին:

Մաշալյանը հանդիպումից հետո «Ակոս»-ի հետ զրույցում ասել է, որ «ինչպես երևում է` առաջիկա 15 օրերը երկգլուխ են շարունակվելու»:

Ստամբուլի նահանգապետի տեղակալը մարտի 15-ին նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:

Պատրիարքարանում տեղապահի  ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:Տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

*

*