Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիա է անցկացվել Ստամբուլում

Պոլսահայերի հետ ակցիային մասնակցել են նաեւ մեծ թվով թուրքեր, քրդեր, ասորիներ, եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիա է անցկացվել Ստամբուլում՝ ցեղասպանության սկզբնակետ համարվող «Հայդար-փաշա» կայարանի մոտ: Նախաձեռնությունը Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավոր ունեցող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» տեղի բաժանմունքինն է:

Ակցիայի մասնակիցները, սպանված հայ մտավորականների լուսնկարները պարզած, դիմել են Թուրքիայի իշխանություններին՝
«Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի» կոչով:

Պոլսահայերի հետ ակցիային մասնակցել են նաեւ մեծ թվով թուրքեր, քրդեր, ասորիներ, եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Շիշլիի բաժանմունքի համանախագահ Մահմութ Չավլըն ելույթում նշել է, որ տեղահանության անվան տակ թուրքական պետությունը հայերին մահվան է դատապարտել:

«Ցեղասպանությունը չի ավարտվել: Այն շարունակվում է այսօր էլ, ինչի ապացույցը ոչ մահմեդական ժողովուրդների հետ դեմ կազմակերպված հանցագործություններն են՝ Հրանտ Դինքի, Սեվակ Բալըքչըի եւ Մարիցա Քյուչյուքի սպանությունները»,- ասել է Չավլըն:

*

*