«Եթե չլինեին հույսն ու լավատեսությունը, սիրիահայ գաղութը կտապալվեր». Զարմիկ Պողիկյան

Մեր զրուցակիցն է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը:
halep

Երեկ Հայաստանում նշվում էր Հայ մամուլի օրը: Օրվա շրջանակներում yerkirmedia.am-ը զրուցել է Սիրիայում լույս տեսնող միակ հայկական պարբերականի՝ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:

-Ի՞նչ խնդիրներ էր լուծում շաբաթաթերթը մինչ պատերազմը, դրա ընթացքում և հիմա:

-Թերթը մի քանի դեր ունի գաղութային կյանքի մեջ, նախ այն ներկայացնում է սիրիահայ գաղութի կյանքն իր բոլոր երեսներով՝ կրթական, մշակութային, եկեղեցական, ընկերային և քաղաքական:

«Գանձասար»-ը, որպես Սիրիայում տպագրվող հայկական միակ թերթ, ունի նաև մեր մայրենի լեզուն պահելու ու զարգացնելու, մշակութային արժեքները ներկայացնելու, ներազգային, համայնքային և համահայկական հարցերի շուրջ կարծիք ձևավորելու, բայց մանավանդ գրելու և ստեղծագործելու խթան հանդիսանալով՝ միտք պատրաստելու և արտահայտվելու հարթակ հանդիսանալու դեր:

Թերթը կամրջի դեր է խաղում նաև Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների մեջ, որովհետև ընթերցողը հայրենի կյանքի, Արցախի իրադարձությունների մասին տեղեկանում է թերթի միջոցով:

Պատերազմի ժամանակ «Գանձասար»-ը սիրիահայ համայնքի տագնապը, մաքառումները, դժվարությունները, գոյատևելու ջանքերն ու քաղաքական դիրքորոշումը պարզաբանող միակ հավաստի աղբյուրն էր, որին դիմեցին հայկական, արաբական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցները:

Շատ դեպքերում «Գանձասար»-ը քողազերծեց սիրիահայ համայնքի շուրջ տարածվող ապատեղեկատվությունը կամ անհիմն տարաձայնությունները և իր հնարավորության սահմաններում աշխատեց ներկայացնել իրական պատկերը՝ առանց պատերազմի հետևանքով առաջացած երևույթների ուռճացման, միշտ զգուշությամբ և հայկական կյանքի անվտանգության նկատմամբ աչալուրջ լինելու նախաձեռնությամբ:

Ներկայումս թերթն արձագանքում է, համայնքի վերականգման աշխատանքներին: «Գանձասար»-ն ինքն էլ է փորձում վերականգնվել, վերապատրաստել նոր հմտություններով օժտված մարդուժ ու աստիճանաբար թոթափել պատերազմի դժվարությունները՝ միաժամանակ մնալով լուսավոր բեմ Սիրիայում ապրող կամ պատերազմի հետևանքով երկրից մեկնած սիրիահայության համար, արձագանքել նրանց դժվարություններին, ինչպես նաև համայկական տարաբնույթ հարցերին:

-Գաղթ, մարդկային կորուստներ, հրթիռակոծություն… այս ամենի համատեքստում շաբաթաթերթը կարողացե՞լ է հուսադրել և որոշ չափով լավատեսություն ներշնչել:

Պատերազմի ահավոր վնասները, մարդկային կորուստներն ու աղետները ներկայացնելուն զուգահեռ, «Գանձասար»-ի առաջնահերթություններից մեկն էլ ապրելու հույս ներշնչելն էր, հատկապես պատերազմի բովի մեջ ապրող սիրիահայությանը զերծ պահել հուսալքումից, որովհետև Սիրիայի դեմ պատերազմը նաև տեղեկատվական էր, որը միտում ուներ սարսափի ու ողբի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդիկ լքեն ամեն բան ու հեռանան, դատարկեն գաղութն ու ընդհանրապես Սիրիան:

Այս քաղաքականությունը տեսանելի էր մեզ համար, ահա թե ինչու էինք ջանում մարդկանց հույս և լավատեսություն ներշնչել, նրանց դիմադրողական ոգին բարձր պահել, որովհետև ապրելով ու շփվելով սիրիաբնակ ժողովրդի (հայ թե տեղացի արաբ) հետ, ականատես էինք լինում նրանց ապրելու, պատերազմի պայմաններում դիմանալու, աշխատելու և ստեղծագործելու պատրաստակամությանը փոխադարձ հարգանքի ու համակեցության այնպիսի մթնոլորտի մեջ, որը շատերին անհասկանալի կթվար:

-Չնայած բազմաթիվ խոչընդոտների, «Գանձասար»-ը չի դադարել գործել պատերազմի տարիներին: Ի՞նչ պայմաններում եք ստիպված եղել աշխատել:

-Ինչպես բոլոր հաստատություններն ու կառույցները, մենք ևս գործեցինք հրթիռների տարափի, պայթյունների սարսափի մեջ: Աշխատանքի բնական պայմաններ չկային. էլեկտրականություն, համացանց, նույնիսկ տպագրության թուղթն ապահովելն էր դժվար, իսկ թերթը տարածելը՝ վտանգավոր: 2014 թ.-ին հրթիռի զոհ դարձավ թերթի ցրիչ Վրէժ Ճապաղջուրեանը, խմբագրատունը քանիցս հրթիռակոծվեց: Երբեմն ստիպված էինք տեղից տեղ գնալ ու փոխադրել տպագրական բոլոր  գործիքները, աշխատակազմի մեջ հաճախակի փոփոխություններ եղան գաղթի պատճառով, սակայն բարեբախտաբար հաղթահարեցինք դժվարությունները և շարունակեցինք թերթ հասցնել յուրաքանչյուր հայ ընտանիքի, որպեսզի փաստենք, որ կյանքը շարունակվում է ու պիտի շարունակվի հակառակ բոլոր դժվարությունների:

zarmig

-Ի՞նչ վիճակում է հիմա շաբաթաթերթը (տպաքանակ, ընթերցողների թիվ, ֆինանսական կայունություն):

-Թերթի տպաքանակը պատերազմի օրերին նվազեց, փոխարենը բազմապատկվեց առցանց ընթերցողների թիվը: Պատերազմի օրերին երթևեկության դժվարության պատճառով թերթը չէինք կարողանում հասցնել Սիրիայի այլ նահանգներ, միայն Հալեպում էինք բաժանում:

Բայց իրավիճակի կայունացմանը զուգահեռ թերթի տպաքանակն աստիճանաբար սկսեցինք բարձրացնել: Այս շաբաթվանից թերթը սկսել ենք ուղարկել նաև Քեսաբ, առաջիկա օրերին պիտի հասնի նաև Դամասկոս, Լաթաքիա և  Ղամիշլի:

Նյութական դժվարությունները պատերազմի օրերին բազմապատկվեցին. տպագրական ծախսերը քառապատկված էին, որովհետև համարյա բոլոր տպարանները փակ էին: Բարեբախտաբար «Արեւելք» տպարանը շարունակաբար տպեց թերթը և հրթիռակոծման ենթարկվելով հանդերձ՝ չդադարեցրեց իր աշխատանքը: Հուսով ենք, որ այս դժվարություններն աստիճանաբար կհաղթահարվեն, որպեսզի կարելի լինի զարգացնել թերթի համացանցային հնարավորություններն ու աշխատող մարդուժը:

Այստեղ շնորհակալության խոսք պետք է հղեմ մեր աշխատակիցներին, հոդվածագիրներին, որոնք ամենադժվար պայմաններում անգամ չզլացան գրել ու նյութ հայթայթել թերթի համար: Շնորհակալ եմ մանավանդ հայրենի և սփյուռքահայ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք ամեն օր կապ էին հաստատում մեզ հետ և տագնապում մեզ հետ միասին: Մենք մեծ փորձառություն ձեռք բերեցինք նրանց հետ գործակցելով, Սփյուռքի նախարարության կազմակերպած լրատվամիջոցների համահայկական ժողովներին մասնակցելով ու մեր կապերը ամրապնդելով:

-Սիրիայում և Հայաստանում բնակվող հայ ընթերցողների նախընտրությունները որքանո՞վ են նման և տարբեր միմյանցից:

-Հայաստանի ընթերցողները առավելաբար հետաքրքրություն են ցուցաբերել մարդկային պատմությունների, գաղութի անվտանգության վիճակի, գոյատևման խնդրով տարված աշխատանքների նկատմամբ: Հետաքրքրություններն ընդհանուր առմամբ նույնն են, գլխավոր տարբերությունն այն է, որ Սիրիայի հայությունը նաև հայապահպանման հարց ունի, այդ իսկ պատճառով քաղաքական լուրերի և հոդվածների կողքին մեծ կարևորություն ենք տալիս մշակութային, գրական, պատմական, հայրենիքին առնչվող նյութերին, լեզվի անաղարտության պահպանման հարցին և այլն:

 —Պատերազմի տարիներին կա՞ր մի լուր, որի հրապարակման հարցում հապաղել եք կամ ընդհանրապես չեք հրապարակել:

-Երբեմն վերապահությամբ կամ հապաղումով ենք հրապարակել զոհերի անունները՝ խնայելով անտեղյակ ծնողների հոգեկան վիճակը: Վերապահությամբ ենք մոտեցել նաև հրթիռակոծությունների ենթարկված վայրերի լուսանկարները համացանցի էջում զետեղելուց, որովհետև ահաբեկիչները, տեսնելով դրանք, անընդհատ թիրախ կդարձնեին նույն կառույցները՝ դպրոցներ, եկեղեցիներ և այլն:

Մեր հնարավորությունների սահմաններում փորձեցինք արծարծել թե’ ներազգային, թե’  համահայկական հարցեր՝ հնարավորինս հեռու մնալով երևույթներն ուռճացված ներկայացնելուց: Այնուամենայնիվ, մարդկային հարցերն ու դժվարությունները (արտագաղթ, գաղութ պահելու դժվարություն, հայրենիքում հաստատվելու կամք ու այդ ուղղությամբ համահայկական ծրագրավորման բացակայություն), այնքան շատ էին ու բազմաբնույթ, որ վստահաբար բացթողումներ էլ պիտի ունենայինք: Պատերազմը նոր կացությունների դիմաց դրեց մեզ, և մենք հանպատրաստից մեր կարողությունները գործի դրեցինք:

Հեղինակ՝

Արաքս Առաքելյան

*

*