Չնայած Հալեպից եկած լավ լուրերին՝ Հայաստանում ապրող սիրիահայերը չեն շտապում վերադառնալ

Որպեսզի Սիրիայի հայ համայնքը նորից ոտքի կանգնի, սիրիական պետությունն էլ ամեն ինչ կանի
Սիրիայում սկսված պատերազմը հազարավոր հայերի Հայրենիք բերեց: Ոմանք մնացին ու այստեղ որոշեցին նոր կյանք սկսել, ոմանք էլ ապրելու հույսը որոշեցին օտար երկներում փնտրել: Հալեպի ներկայիս իրավիճակը տրամադրում է արդյոք Հայաստանում ապրող սիրիահայերին մտածել վերադարձի մասին:
 
Պատերազմի հետեւանքով Սիրիայում տարիների ստեղծածը կորցրեց, Երեւանում ամեն ինչ զրոյից սկսեց ու հիմա արդեն սիրիահայ Շանթ Քիրազյանի պատրաստած օճառներն ու մազերի խնամքի պարագաները մինչեւ հեռավոր Շվեյցարիա են հասել: Ասում է՝ սպառվում է, որովհետեւ էկոլոգիապես մաքուր արտադրանք է շուկա հանել: Ամբողջապես դաշտերից հավաքված ծաղիկներից է պատրաստում ամեն ինչ:
Երեւանում է բիզնեսը սկսել, շարունակությունը պատկերացնում է Իջեւանում: Բնությունը, մարդիկ տրամադրել են այնտեղ տեղափոխվել: Վերջին օրերին Հալեպից եկած լուրերից ուրախացել է, բայց ճամպրուկները հավաքել ու վերադառնալ չի պատրաստվում:
 
Ռշտունիների ընտանիքն էլփոքրիկ բիզնես ունի: Անուշեղենը կինն է պատրաստում, տուփերը ամուսինը: Դեռ տնային պայմաններում են աշխատում, բայց մի օր սեփական խանութ ունենալու հույսը չեն կորցրել: Ռշտունիներին էլ է հայրենիք բերել սիրիական պատերազմը: Սկզբում դժվար էր, հիմա արդեն հարմարվել են ու վերադառնալու մասին խոսք անգամ չկա: Երբ ամեն ինչ հանդարտվի, կգնան՝ Սիրիայում ունեցածը կվաճառեն ու կվերադառնան Հայաստան՝ այստեղ սեփական բնակարան ունենալու հույսով:
Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոնի տվյալներով հիմա Հայաստանում մոտավորապես 15 հազար սիիրիահայ է ապրում: Ինչ կա նրանց մեծ մասի մտքին՝ վերադառնալ, թե չէ՝ կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանն էլ չի կարող ասել, բայց մի բանում վստահ է՝ Սիրիայի հայ համայնքը թեկուզ նոսր բայց մնալու է:
 
Որպեսզի Սիրիայի հայ համայնքը նորից ոտքի կանգնի, սիրիական պետությունն էլ ամեն ինչ կանի՝ վստահ է գործարար Շանթ Քիրազյանը: Ներկայիս իշխանություններն էլ լավ գիտեն՝ Հալեպը շենացնողների առաջին շարքերում միշտ էլ հայերն են եղել:
Չնայած Հալեպից եկած լավ լուրերին Հայաստանում ապրող հայերը չեն շտապում վերադարձի մասին մտածել: Եթե ամեն ինչ վերջնականապես հանդարտվի, գուցե մի մասը վերադառնա՝ մյուս մասն էլ մնա այստեղ՝ դառնալով շատ ավելի ամուր կամուրջ Հայաստանի ու Սիրիայի միջեւ:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*