Շառլ Ազնավուրն ու հրեա գործիչները խոսել են Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքների մասին

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները (The International Raoul Wallenberg Foundation) հանդիպել են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ:
sharl-aznavur

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները (The International Raoul Wallenberg Foundation) հանդիպել են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է լեգենդի ֆեյսբուքյան էջը:

Մայիսի 9-ին Նյու Յորքում կայացած զրույցում նշվել է, որ Ազնավուրները` երգչի հայրը և մայրը, Հոլոքոստի օրերին ապաստան են տվել նրանց, ովքեր փախել են նացիստներից:

«Մենք քնում էինք հատակին` ես և քույրս»,— նշել է երգիչը, սակայն դժվարացել է հիշել այն մարդկանց անուններն, ում փրկել է իր ընտանիքը: Հիմնադրամի ներկայացուցիչները Ազնավուրին պատմել են կառույցի ստեղծման և նպատակների մասին: Երգիչը պատմել է, որ ցեղասպանությունից փրկված հայերին և հրեաներին նվիրված երգեր է գրել:

«Գերմանացիները սովորել են Հայոց ցեղասպանությունից»,- շեշտել է Ազնավուրը` խոսելով Հոլոքոստի մասին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երգչի անցած ուղուն մասին, նա պատմել է, որ ծնվել է Ֆրանսիայում, սակայն ընդգծել է, որ հայ է համարում իրեն: Ազնավուրը պատմել է, թե ինչպես են իր ծնողները հանդիպել Ստամբուլում, հետագայում ամուսնացել:

Նա տեղեկացրել է, որ մի քանի տարի առաջ Իսրայել է գնացել իր թոռան հետ, և այնտեղ կայացել է թոռան բար-միցվայի արարողությունը, քանի որ նրա ծնողը հրեա է:

Հանդիպումն անմասն չի մնացել Ազնավուրի հումորներից:

«Մի անգամ մի հրեա կին մոտեցավ, նայեց և ասաց. «Ես գիտեմ Ձեզ»: Ես ասացի`«Միգուցե»: Նա ասաց. «Դուք դերասան եք: Ոչ, դուք այն երգիչն եք: Ի՞նչ է Ձեր անունը»: Ես պատասխանեցի`«Ազնավուր»: «Ավենբուր»,- կրկնեց նա: Ես ասացի. «Այո, այո»: Նա շատ երջանիկ էր»,-պատմել է Շառլ Ազնավուրը:

*

*