Սերժ Թանկյանն անդրադարձել է երեւանյան դեպքերին

Ինտելեկտուալ զարգացումը, գթասրտությունը եւ հավասարությունը միշտ էլ կհաղթանակեն...
tankyan

Ֆեյսբուքի իր էջում երեւանյան դեպքերին է անդրադարձել System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ Սերժ Թանկյանը։ Նա գրել է.

«Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզմի եւ մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների դեմ: ԱՄՆ-ում անզեն սեւամորթների սպանությունները, դրանց ի պատասխան՝ ոստիկանների թիրախավորված սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս բերելը՝ ենթադրաբար ի պատասխան հեղաշրջման փորձի, Հայաստանում, զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության կողմից կոշտ միջոցներ կիրառումը եւ քաղաքացիական առաջնորդներին «հավաքելը», Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ այլուր քաղաքացիների սպանությունները, այսպես կոչված, «Իսլամական Պետության» համակիրների կողմից, եւ այս ցանկը կարելի է շարունակել:

Կարծում եմ, շրջակա միջավայրի աղետալի նախազգուշացումները բավարար չեն մեր կենդանական էությունը զսպելու համար: Մի բան պարզ է. քաղաքակրթությունն իր գոյության այս ձեւով այլեւս սպառել է իրեն: Խիստ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարդկային այս հիվանդությունը՝ միմյանց նկատմամբ բռնություն գործելու ցանկությունը վերացնելու համար:

ԱՄՆ-ում միակողմանի բռնություն գործադրելու մշակույթը մենք պետք է փոխարինենք արդարությանը ծառայելու մշակույթով. սա պետք է սկսել մեդաղրանքներ առաջադրելով այն ոստիկաններին, որոնք պատասխանատու են սարսափելի հանցագործությունների համար: Թուրքիայում պետք է գնանք դեպի պորգրեսիվ փոփոխություններ՝ դեմ դուրս գալով Էրդողանի ռեժիմի դոգմատիկ այլանդակություններին, իսկ Հայաստանում պետք է միջոցներ ձեռնարկենք ընդդեմ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայի, որը ղեկավարել/կործանել է երկիրն անկախություն ձեռք բերելու օրվանից ի վեր:

Ինտելեկտուալ զարգացումը, գթասրտությունը եւ հավասարությունը միշտ էլ կհաղթանակեն հատկապես տնտեսական էգալիտարիզմի (հավասարության) պայմաններում: Պատմության հերթական սեւ էջը կարող է տապալվել ինտելեկտի, զսպվածության եւ արդարության շնորհիվ»:

*

*