Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի՝ «ճշմարտությունը խեղաթյուրող» հայտարարություններին — Երկիր Մեդիա

Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի՝ «ճշմարտությունը խեղաթյուրող» հայտարարություններին

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել․․․
polso-nakhadzernog-khumb

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ: Պատրիարքարանից նշում են, որ Աթեշյանը փաստորեն ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու իր նախաձեռնությունները, որի ականատեսն են լինում Թուրքիայում, շարունակում է երկրի սահմաններից դուրս:

Անդրադառնալով Աթեշյանի այն պնդմանը, թե պետությունը չի ճանաչում մարտի 15-ին եկեղեցական օրենքով ընտրված տեղապահին, ուստի ինքը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, պատրիարքարանից հայտնել են, որ նա պարտավոր է հարգել ընտրության արդյունքը և խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային կերպով և խեղաթյուրող արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց:

Պատրիարքարանից ընդգծել են, որ Աթեշյանը շարունակ վկայակոչում է Ազգային սահմանադրությունը՝ ասելով, թե ընտրյալ պատրիարքը պետք է ցմահ մնա այդ պաշտոնին: Սակայն պատրիարքարանից հիշեցրել են նաև, որ նույն սահմանադրության երկրորդ հոդվածում ասվում է, որ եթե տարբեր պատճառների բերումով հաստատվի պատրիարքի անգործունակությունը, ապա կարելի է նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ պետությանն ու պատկան մարմիններին չի հաղորդվել 2016 թվականի հոկտեմբերի 26-ի Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ ընդունված որոշումը, որով Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը հանգստյան է կոչվել և պատրիարքական աթոռը թափուր էր հայտարարվել: «Դա անելու պարտականությունը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանինն էր: Հետևաբար, եթե դա չի արել, դա նրա թերությունն ու հանցանքն էր»,- նշվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Աթեշյանի հայտարարություններին, թե պետությունն անպատասխան է թողնում տեղապահ Բեչքյանի դիմումները, ինչը նշանակում է, թե չի ճանաչում տեղապահին՝ պատրիարքարանից ընդգծել են, որ արքեպիսկոպոսն ավելի լավ կաներ ստեղծված վիճակից գոհ լինելու փոխարեն քննադատեր պետության կեցվածքը:

Խոսելով Աթեշյանի այն հայտարարությունների մասին, թե պատրիարքի ընտրությունները շուտափույթ կերպով կկազմակերպվեն Բեքչյանի հրաժարականի պարագայում՝ պատրիարքարանից նշել են, թե տեղյակ չեն՝ այդ հայտարարությունների աղբյուրը որն է: «Եթե այս խոսքերն ասում է՝ հասկացնելու, թե պետության հետ մոտ հարաբերությունների և գործակցության մեջ է, պետք է հարցնել՝ որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ինչու իր պաշտոնավարության շրջանում ջանք չի գործադրել պատրիարքի ընտրություն անելու, որևէ արդյունքի հասնելու համար»:

*

*