Պոլսի հայոց պատրիարք Մութաֆյանը «հանգստյան է կոչվել». կընտրվի նոր պատրիարք — Երկիր Մեդիա

Պոլսի հայոց պատրիարք Մութաֆյանը «հանգստյան է կոչվել». կընտրվի նոր պատրիարք

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել։
mutafyan

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել` դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանը:

Գումարված ժողովի ժամանակ քննարկվել է հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթը, ուխտի լուծարման համար, բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի` ոչ գործուն լինելու հանգամանքը: Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում է ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

Ելնելով այս ամենից` որոշում է կայացվել դիմում ներկայացնել պատկան մարմիններին` խնդրելով արտոնություն տրամադրել պատրիարքական ընտրության համար, «որպեսզի Պատրիարքական Աթոռը օժտվի նոր «ԱԶԳԸՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐՔ»-ով»:

*

*