Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը
nikol-pashinyan-caxkadzor-23082018b

Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։ Ծաղկաձոր է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելու աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդները այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել, որպես սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը ապրելու երկիր է և այն երկիրն է, որտեղ պետք է զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել գաղափարներով և սիրով:

«Ես համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով, ավելի ենք հզորանում»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

*

*