Պաղեստինում գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից

Հայտնում է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը
baxumner-paxestin

Պաղեստինում վերջին օրերին գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը՝ նշելով, որ բախումները եղել են պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև:

«Այսօր իրավիճակը հանդարտ է, Երուսաղեմում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Երեկոյան հատվածում տեղ-տեղ ցույցեր են լինում: Ասեմ, որ առանձնապես փոփոխություն չկա, իսրայելյան ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը, իսկ թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, կդժվարանամ ասել»,- ասել է ատենապետը:

Հիշեցնենք, որ ընդհարումներն սկսվել են մուսուլմանական ուրբաթօրյա աղոթքներից հետո, երբ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք:

Երուսաղեմում բնակվում է շուրջ 1500 հայ: Նրանք ներգրավված են տարբեր ոլորտներում, շատերն ունեն իրենց սեփական բիզնեսը, խանութը, աշխատում են հյուրանոցներում, ֆինանսական կազմակերպություններում և այլն:

 

*

*