Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

Նոր Զելանդիայում ապրում է մոտ 200 հայ
nor-zelandia-hayer

Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մոտ 200 հայ: Նրանք հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից: Տեղի հայերը հիմնականում բնակվում են Օքլենդ և Վելլինգտոն քաղաքներում: 1996 թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և մանուկների հայեցի դաստիարակությունը։ Հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայապահպանությանն ուղղված աշխատանքներում ջանք չեն խնայում:

«Այստեղ հայ համայնքը փոքրաթիվ է ու ցրված: 1996թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակվեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզվի պահպանության հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնություններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մոտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրյա դպրոցը»,-ասաց Նուբար Յաղուբյանը: Նրա խոսքով, փորձում են կապ պահպանել Հայաստանի հետ կրթական գործընթացները կազմակերպելու համար: Առցանց կազմակերպվում է ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:

Հայ համայնքը տեղում պարտաճանաչորեն նշում է Հայաստանի հետ կապված տոները, անդրադառնում հիշարժան օրերին: Ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ նվիրված ՀՀ անկախությանը, Բանակի հիմնադրման օրվան և այլն: Հիշատակի միջոցառումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:

Համայնքը թեպետ փոքրաթիվ է, սակայն հայերն ակտիվ ներգրավվածություն ունեն տարբեր ոլորտներում: Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային և ՏՏ ոլորտի մասնագետներ:

Հայապահպանությանը զուգահեռ՝ փոքրաթիվ հայ համայնքը տարբեր միջոցառումներով փորձում է տեղի բնակիչների շրջանում ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը:

*

*