Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել...
nikol-pashinyan-pariz-14092018a (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում սեպտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:

«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*