Ապրիլի 24-ին ընդառաջ հոլանդահայերը պահանջագիր են ներկայացրել երկրի խորհրդարան

Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է նաեւ միջոցառումների շաբաթ:
HOLANDIA

Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, որը քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, որը հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` Ցեղասպանության փոխարեն օգտագործելով Ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականության պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք «Ցեղասպանություն» բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 23-ին, 24-ին:

*

*