Մեքսիկահայ համայնքը կոչ-նամակ է հղել Մեքսիկայի կառավարությանն և ժողովրդին

...ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի կատարած հայտարարության առնչությամբ
cicernakaberd-krak

Մայիսի 3-ին երկրի խոշորագույն «El Universal» պարբերականում լույս է տեսել մեքսիկահայ համայնքի բաց նամակ-կոչը՝ ուղղված Մեքսիկայի իշխանություններին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի կատարած հայտարարության առնչությամբ։ Ստորեւ՝ նամակը ամբողջությամբ։

Կոչ-նամակ Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին

Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում հիշատակում են Օսմանյան կայսրության և իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այդ օրը միջազգային հանրության պատկառելի հատվածը միանում է հայ ժողովրդին իր համերաշխությունը և դատապարտումն արտահայտելու ներկայումս որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված դեպքերի առնչությամբ, վերահաստատելով իր հանձնառությունը, որ այս չարիքը երբևէ չկրկնվի։ Աշխարհում գրեթե 30 պետություններ ցեղասպանության փաստը ճանաչել են պաշտոնապես։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահներն ավանդապես այդ օրն ուղերձով են դիմում աշխարհասփյուռ հայությանը։ Այս տարի նախագահ Թրամփն իր նախագահական ուղերձում հայտարարեց, որ ամերիկյան ժողովուրդն «իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենադատապարտելի վայրագություններից։ Սկսվելով 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել, սպանվել կամ քշվել են Մահվան քարավաններ․․․»։ Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Մեր նախնիները, Հայոց ցեղասպանությունը վերապրած, սփռվել են ողջ աշխարհով մեկ։ Հիշատակման այս օրը հայ գաղթօջախներս միավորվում ենք սգալու բազմաթիվ կորսված կյանքերը և հայրենիքը։ Որպես Մեքսիկայի հպարտ քաղաքացիներ, կատարել ենք և շարունակելու ենք կատարել առավելագույնը՝ մեր երախտագիտությունը հայտնելու և մեր ավանդը ներդնելու մեր մեծ երկրի զարգացման և բարգավաճման համար։ Միևնույն ժամանակ, մեր մտքերում և սրտերում ենք կրում կատարված ողբերգության հիշողությունը, ակնկալելով, որ Մեքսիկայի կառավարությունը կմիանա մարդկության դեմ գործած այս ծանրագույն հանցագործությունը ճանաչած և դատապարտած երկրների ձայներին, և որն առայսօր կտրականապես ժխտվում է Թուրքիայի կողմից, որը շարունակում է մնալ անվտանգության գլխավոր սպառնալիքն առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար։

Յուրաքանչյուր անգամ, երբ աճում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի միջազգային ճանաչման ալիքը, Թուրքիայի դիրքորոշումը դառնում է առավել ցինիկ և վիրավորական։ Այս ապրիլի 24-ին, երբ աշխարհում հիշատակվում էր Հայոց Ցեղասպանության օրը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց հետևյալը.

«Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ կանանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը տվյալ հանգամանքներում ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:

Մահվան քարավաններ քշված և Հայոց ցեղասպանության զոհ դարձած Օսմանյան կայսրության ողջ բնիկ հայ բնակչությանն անվանել «հայ ավազակախմբեր և նրանց աջակիցներ», սպանելով 1,5 միլիոն մարդ և այն արդարացնել ինչպես «ընդունված ամենաողջամիտ որոշում» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ մի ամբողջ ժողովրդի սպանության անամոթ արդարացում։

Դիմում ենք մեր կառավարությանը, որը Թուրքիայի հետ երկկողմ ձևաչափում և MIKTA (Մեքսիկա, Ինդոնեզիա, Կորեա, Թուրքիա, Ավստրալիան) ձևաչափում  ունի ավանդական ջերմ հարաբերություններ, նշվածի առնչությամբ արտահայտելու իր դիրքորոշումը։ Մեքսիկան միջազգայնորեն ճանաչված է որպես խաղաղության ջատագով և մարդու իրավունքների պաշտպան, միևնույն ժամանակ, միացել է ՄԱԿ-ում Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման բանաձևին։ Պահանջում ենք, որ այս վճռական պահին Մեքսիկան արտահայտվի հանուն երկու ժողովուրդների միջև Ճշմարտության, Արդարության և Հաշտեցման հաստատման։

Ի վերջո, Էդողանի հայտարարությունները որակում ենք որպես ծայրահեղ ատելության խոսք և վիրավորանք ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն մարդկությանը։

Վստահ ենք, որ մեր արդար պահանջն իր արձագանքը կգտնի մեր մեքսիկացի քույրերի և եղբայրների մոտ։

*

*