Եթե Արամ սրբազանը մնա, Մաշալյանը հրաժարականը կպաշտոնականացնի

Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ:
mashalyan

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի պաշտոնաթող եղած նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այլևս չի բնակվում պատրիարքարանում, լքել է իր սենյակն ու տեղափոխվել հայրական բնակարան, որը գտնվում է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում: Այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում:

«Քաղաքում եմ, սակայն այլևս չեմ գնալու եկեղեցի, քանի որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել: Չեմ ցանկանում ստեղծել այն տպավորությունը, թե շարունակում եմ աշխատել»,- ասել է եպիսկոպոսը: Ստամբուլի հայկական լրատվամիջոցի հետ զրույցում նա կրկնել է իր քննադատությունները Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, հոգևորականների դասի և համայնքային ղեկավարների նկատմամբ: Նա հոգևորականների դասի անդամներին վախկոտ է անվանել:

«Բոլորն իրենց գործում հաջողության հասած մարդիկ են: Արդյոք պետք է հանդուրժեն իրենց գործերում մի անձի, ով երկու օրվա գործը չի կարողանում ավարտել արդեն ինը տարի: Արամ սրբազանն է, որ ձախողում է ընտրությունները: Անկողմնակալ մեկը պետք է լինի տեղապահ, օրինակ պարզ մի քահանա, և հենց նա վարի այդ գործը: Եթե դա լինի, ապա ես կշարունակեմ ծառայել ազգիս: Եթե Արամ սրբազանը մնա, ես կգնամ: Ես նրա հետ բարեկամական հարաբերություններ եմ հաստատել, սակայն ազգի շահը գերադասում եմ այդ բարեկամությունից: Իրականում ես այսպիսի մարդ չեմ, խաղաղ ու հանգիստ բնավորություն ունեմ և չեմ ցանկանում այսպես երևալ: Պատկերացրեք, որ հոգևորականների դասի անդամներն անգամ չեն զանգահարում ինձ»,- ասել է Մաշալյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ոչ արժանի է պատրիարքի պաշտոնին, ոչ էլ կարող է անել այդ գործը:

Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է:

Զրույցի ավարտին Մաշալյանը հայտնել է, որ հետաքրքրությամբ սպասում է փետրվարի 16-ին կայանալիք հոգևոր խորհրդի ժողովի արդյունքին: «Ես հստակ նշել եմ այս քաղաքում մնալու իմ պայմանները: Պոռթկում ունեցա, ինչը հավաքական երկար սխալների կուտակման հետևանք էր: Բոլորը, բոլորս հանցավոր ենք: Ես ընդունում եմ, որ կրոնավորներն իմ եղբայրներն են, հավատում եմ, որ ամեն ինչ պետք է վերականգնվի, քարերն իրենց տեղը պետք է ընկնեն: Շուրջ տասը տարվա ծանր հետևանքներով մի փլատակ պետք է հավաքենք: Պետք է դարման գտնենք այս իրավիճակին, սակայն համայնքը գլուխ չունի»,- ասել է նա:

Իր հրաժարականի առնչությամբ Մաշալյանն արել է ևս մեկ պարզաբանում` նշելով, որ հրաժարականը պաշտոնականացված չէ: «Ես միայն հանրությանն ուղղված պատգամով եմ հայտնել իմ հրաժարականի մասին: Որևէ պաշտոնական նամակ չեմ ուղարկել պատրիարքարան: Իմ հրապարակած հրաժարականի մեջ նշված բոլոր կետերը պայմանական են: Ցանկանում եմ բացատրել հետևյալը` առկա բոլոր հարցերի պարագայում մեծագույն պատասխանատվություն կրողներից մեկն էլ ես եմ, բայց ես առանձին անճար եմ: Այժմ տեսնում եմ, որ իմ հնչեցրած ահազանգն արդեն տեղ է հասնում»,- ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` նշելով, որ ուխտել է ծառայության համար, այլ ոչ թե թողնել-փախչելու:

«Եթե իմ ահազանգով ստեղծված մթնոլորտը շարունակվի, ամեն բան կարող է փոխվել: Եթե տեսնեմ, որ ես ի զորու եմ փոխել այս ընթացքը, ապա կվերանայեմ ամեն բան: Իսկ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ապա հայտարարածս հրաժարականը պետք է պաշտոնական դարձնեմ: Այս պահին սպասումի մեջ եմ»,- եզրափակել է Մաշալյանը:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 13-ին հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Նա հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին կայացած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները