«Մակրոնն ասաց, որ ինքը մեզ հետ կայցելի Արցախ, երբ…»

Մակրոնն ընդառաջել է Ֆրանսիայի պետական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ամրագրելու առաջարկին
murad-papazyan (1)

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի հայ համայնքի 2018թ.-ի աշխատանքային օրակարգին։

Խոսելով վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ կայացած ճաշկերույթի մասին՝ նշեց, որ հայ համայնքի ներկայացուցիչները դրա ընթացքում որպես առաջնահերթություն են ներկայացրել արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը, բայց միաժամանակ նշվել է նաև Հայոց ցեղասպանության՝ ֆրանսիական հայ համայնքի համար ունեցած կարևորության մասին։

Փափազյանը նշեց, որ Մակրոնն ընդառաջել է Ֆրանսիայի պետական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ամրագրելու առաջարկին։

Նա տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահին առաջարկել է իրենց հետ միասին այցելել Արցախ, ինչին ի պատասխան Մակրոնն ասել է, որ չի կարող այժմ նա Արցախ այցելել, քանի որ դա որպես կողմնապահ քայլ կդիտվի՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի կարգավիճակ ունի։

«Մակրոնն ասաց, որ ինքը մեզ հետ կայցելի Արցախ, երբ հակամարտությունն իր լուծումը ստանա»,-ասաց Փափազյանը:

Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ Մակրոնը դրական է արձագանքել Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնելու և դրա ընդունմանը հետամուտ լինելու իրենց առաջարկին։ Նա հիշեցրեց, որ նախկինում երկու անգամ այս օրինագծի ընդունումը Ֆրանսիայում ձախողվեց, որն ուներ ոչ թե իրավական, այլ քաղաքական դրդապատճառներ։

«Մենք պետք է այս անգամ դասեր քաղենք անցյալից և ակտիվ աշխատանքներ տանենք այս անգամ հաջողության հասնելու համար՝ ակտիվ համագործակցելով ինչպես հայ, այնպես էլ՝ ֆրանսիացի փաստաբանների հետ»,- նշեց Փափազյանը։

Նրա խոսքով՝ Մակրոնը նաև կարևորել է հայ-թուրքական երկխոսության ակտիվացման ու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։

«Մենք նույնպես կողմ ենք երկխոսությանը, բայց ինչպե՞ս երկխոսության գնանք թե′ Էրդողանի, և թե′ Ալիևի հետ, երբ նրանք միայն ազգայնական քաղաքականություն են որդեգրել և խաղաղության հասնելու ցանկություն չունեն»,- Մակրոնի խոսքին ի պատասխան՝ ասել է Փափազյանը։

ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆ

*

*