Մակրոնը ելույթ է ունեցել հայկական կազմակերպությունների խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ

Այն կազմակերպվում է ամեն տարի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան ելույթ է ունեցել այդ երկրի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած տարեկան ընթրիքի ժամանակ։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս հավաքը կայացել է Փարիզի շքեղագույն հյուրանոցներից մեկում՝  «Հոթել դու Կոլեկսիոնեղ»-ում։

Ավանդական դարձած այս ընթրիքին մասնակցել են նաեւ  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի հայազգի քաղաքապետ Ջորջ Քեփենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ,  Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում Հայաստանի հանրապետության դեսպանները, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական եւ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ հոգեւոր հայրեր:

Ի դեպ, հավաքին ներկաները հատուկ ջերմությամբ ողջունել են ընթրիքին մասնակցելու համար Փարիզ ժամանած, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։

«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:

Ի դեպ, Մակրոնը հայ համայնքի միջոցառմանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին:

*

*