Լիբանանում հրաժեշտ են տալու ահաբեկչության դեմ պայքարում ընկածներին

Լիբանանում վաղն Ազգային սգո օր է։
libanan

Լիբանանում վաղն Ազգային սգո օր է: Հրաժեշտ են տալու լիբանանցի բանակայիններին, որոնք զոհվել են ահաբեկչության դեմ պայքարում: ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն կոչ է արել մեր հայրենակիցներին վաղը փակ պահել իրենց սեփական եւ հանրային հաստատություններն ու վաճառատները՝ զոհված բանակայինների հիշատակը հարգելու համար:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիայի հետ սահմանի մոտ, «Իսլամական պետություն» խմբավորման ճիրաններից ազատագրված տարածքում վերջերս հայտնաբերված 10 աճյունները՝ լիբանացի բանակայինների աճյուններն են: Դա փաստում են ԴՆԹ թեստի արդյունքները: Զոհվածների հարազատները 3 տարի տեղեկություն չունեին նրանց մասին, ցույցեր էին անում՝ կառավարությունից պահանջելով պարզել անհետ կորածների ճակատագիրը:

Այժմ պարզ է դառնում, որ 2014 թվականին նրանց առեւանգել եւ սպանել են «Իսլամական պետության» զինյալները: Բանակայինների մարմինները հնարավոր է եղել հայտնաբերել Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման եւ Սիրիայի կառավարության՝ ահաբեկիչների հետ ձեռք բերած համաձայնության արդյունքում: Հարյուրավոր զինյալների ու նրանց ընտանիքների անդամներին թույլ է տրվել հեռանալ Լիբանան-Սիրիա սահմանային շրջանից՝ սպանված լիբանանցի բանակայինների դիերի գտնվելու վայրը հայտնելու դիմաց:

*

*