Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Բիբլոսի քաղաքապետի հետ

Բիբլոսի քաղաքային խորհրդի անդամներից մեկը հայազգի Յոզեֆ Բեզաջյանն է։
Byblos-Lebanon

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 5-ին հանդիպեց Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաքի քաղաքապետ Զիյադ Հավատիի հետ:

Բիբլոսի քաղաքապետը ներկայացրեց տասնութ հոգուց բաղկացած քաղաքային խորհրդի գործունեությունը, որի անդամներից մեկը հայազգի Յոզեֆ Բեզաջյանն է, ինչպես նաև Բիբլոսի զարգացման ծրագրերը, զբոսաշրջային ենթակառուցվածքները, ժողովրդագրական իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծվեց մշակութային և զբոսաշրջության ոլորտներում կապերի հաստատման և զարգացման անհրաժեշտությունը, նախընտրելի համարվեց գեղանկարչական և պատմական իրեղեն մշակույթի ցուցանմուշների ցուցահանդեսների կազմակերպումը, երաժշտական փառատոններին մասնակցությունը, ինչպես նաև քննարկվեցին առաջիկայում փոխայցելություններ կատարելու հնարավորությունները:

Տեղեկանք. Բիբլոսը աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է (7 հազ. տարի)։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները, այն տեղակայված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Բիբլոսն ունի 70 հազար բնակչություն և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

*

*