Ամերիկահայ գործարարն ընդգրկվել է «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր»-ի ցուցակում

Working Together ամսագիրը ներկայացրել է «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր»-ի ցուցակը։
karolin-rafayelyan

Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Նա 19-րդ հորիզոնականում է:

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում զարդերի ամենահայտնի ապրանքանիշներից է:

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում` Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնվել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանե Կարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձել են նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

2015թ. Կարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015-ից նրա Alex&Ani ընկերությունը սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

«Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային աղյուսակը գլխավորել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Առաջին հնգյակում ընդգրկվել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիվիստ Լինդա Սարասուրը, Save the Children կազմակերպության ղեկավար, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիդտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

*

*