ՀՀ-ի համար բացվում է Սիսի կաթողիկոսարանի հարցի իրավական հետապնդման հնարավորություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է:
sisi-katoghikosaran

Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանի պաշտոնաթերթ «Հասկ»-ին տված հարցազրույցում Սիսի կաթողիկոսարանի պահանջով Հայ դատի իրավական թղթածրարի նախապատրաստման հանձնախմբի անդամ Նորա Պայրագտարյան-Գապագյանը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է և անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:

«2016 թվականի դեկտեմբերի 6-ին Սիսի կաթողիկոսարանի պահանջով թղթածրարը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավական թղթածրարը կազմվել է փաստաբանների խմբի կողմից: Թղթածրարում նշված է, որ Սիսի կաթողիկոսությունը կաթողիկոսական նստավայր է և մեծ նշանակություն ուներ Կիլիկայի հայության համար: 1915 թվականին հայերը ցեղասպանության հետևանքով հեռացվել են իրենց կալվածքներից: Կիլիկիայի կաթողիկոսությունն  այդ կալվածքի օրինական իրավատերն է: Այսպես կոչված «Լքված կալվածքների» օրենքները հնարել են թուրքերը անհատական կալվածքների բռնագրավումն օրինականացնելու համար: Կալվածքների օրինականացման թուրքական օրենքները հակադրվում են միջազգային օրենքներին ու սկզբունքներին: Միջազգային օրենքների վրա հիմնվելով` կաթողիկոսությունն իրավունք ունի այդ հողատարածքն օգտագործելու, ինչպես նաեւ՝ պահանջելու դրա վերադարձը»,-ասել է հանձնախմբի անդամն` ընդգծելով, որ Կիլիկիո կաթողիկոսության հայցն ունի մեկ հստակ պահանջ` վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքն իր իրավական սեփականատիրոջը` Կիլիկիո կաթողիկոսարանին:

Նրա խոսքով, այժմ փաստաբանական խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից սպասում է հարցի բուն քննարկմանը: Փաստաբանները մեծ աշխատանք են կատարել, շուրջ հազար էջից բաղկացած փաթեթում հարկ եղած բոլոր հիմնավորումները ներկայացվել են:

«100 տարի անց Թուրքիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը մեծ մարտահրավեր էր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է: Հարկ է շարունակել այս ուղին: Պետք չէ անտեսել պետական ուղիներով ևս իրավական դաշտ մտնելու տարբերակը: Հայաստանի Հանրապետության համար բացվում է հարցի իրավական հետապնդման հնարավորություն»,- հավելել է նա:

*

*