Իրանի Մեջլիսում հայ պատգավորների ընտրության նախնական արդյունքը հայտնի է

Պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել...
iran

Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեջլիսի ընտրությունների արդյունքում, նախնական տվյալներով, ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում:

«Հարավի պատգամավորության համար թեկնածու են եղել 3-ը, ինքնաբացարկ են հայտնել 2-ը, և արդյունքում ընտրվել է Ժորժ Աբրահամյանը: Մասնակցողների ընդհանուր թիվը նախնական տվյալներով մոտավորապես 2300 է եղել: Հյուսիսայինում պատգամավորության համար սկզբում 6 թեկնածու է եղել, 3-ը ինքնաբացարկ են տվել: Մրցակցությունը երեքի մեջ է տեղի ունեցել: Քվեարկողների ընդհանուր թիվը Հյուսիսային ընտրատարածքում եղել է շուրջ 12 հազար մարդ, որի արդյունքում ընտրվել եմ ես` ձայների 73 տոկոսի հարաբերակցությամբ»,-նշեց նա:

Կարեն Խանլարյանի խոսքով` ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 9 հայ թեկնածու, և 6-ը ինքնաբացարկ են հայտարարել:

«Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն փետրվարի 27-ին կամ 28-ին»,-հավելեց նա:

Euronews.com-ը տեղեկացնում է, որ Իրանում ընտրություններին հսկայական թվով ընտրողներ են մասնակցել: Ընտրությունները պետք է տևեին 10 ժամ, սակայն Ներքին գործերի նախարարությունը մի քանի անգամ երկարաձգել է քվեարկության ժամը: Ընտրատեղամասերում հսկայական հերթեր են եղել:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն ընտրել են Մեջլիսի 290 պատգամավոր` 4 տարի ժամկետով:

*

*