Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում այցելել է ՀՅ Դաշնակցության «Հայրենիք» կենտրոն

Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է։

Մարտի 28-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի և միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու: ՀՀ նախագահը շրջել է գրադարան-թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ: Հանրապետության նախագահը գրադարան-թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաև «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաև կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահը ողջունել և հավասարապես կարևորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով, Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով կոչ էր անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքին:

Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28-ին ավարտվել է ՀՀ նախագահի աշխատանքային այցի առաջին օրը: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում` չափազանց կարևոր համարելով այդ պատմական առաքելությունը:

*

*